ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից։ Հայաստանի և Արցախի 3 տասնյակից ավելի քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել։ Դրանում ընդգծվում է, որ ինքնորոշման իրավունքի անտեսումը հակասում է միջազգային մի շարք փաստաթղթերի, ներառյալ` ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված փաստաթղթերը, նաև Հայաստանի և Արցախի Սահմանադրությունները։
«Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու»,– նշված է հայտարարության մեջ։
Ընդգծված է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի նախընտրական խոստումներն ու տարբեր ամբիոնների հնչեցված մտքերը տարբեր են։
Քաղաքական ուժերը պնդում են, որ պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում ՀՀ տարածքով, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան և պետք է բացառել վերադարձ անկլավներին:
Անդրադարձ է արվում գերիների վերադարձին, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանն ու այլ կարևոր խնդիրների։
Եզրափակելով հայտարարությունը` քաղաքական ուժերը շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով:
Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «5165 ազգային պահպանողական շարժում» և այլ կուսակցությունները։