Փաշինյանի որդու առևանգման մեջ կասկածվող զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել

Աշոտ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող կնոջը ձերբակալել են մայիսի 17-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի որդու առևանգման մեջ կասկածվող զոհված զինվորի մայրը՝ Գայանե Հակոբյանը, հացադուլ է հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող կնոջը ձերբակալել են մայիսի 17-ին։
«Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, ասում է, որ չի ուտելու այնքան ժամանակ քանի դեռ այստեղ է (ձերբակալվածների պահման վայրում,– խմբ.)։ Սպասում է առերեսմանը և իր համար անհասկանալի է, թե ինչու է այդ գործընթացն ուշանում»,– նշեց պատգամավորը։
Խամոյանը վստահ է` առերեսումն ուշանում է, որպեսզի Գայանե Հակոբյանը երկար մնա ՁՊՎ–ում։ Նա շեշտեց` տիկին Գայանեն համոզված է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում կա, և վստահ է` առերեսումից հետո հստակեցումներ կլինեն։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։