Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջը հիվանդանոցից տեղափոխել են ՁՊՎ

«Էրեբունի» ԲԿ
Իրավապաշտպանի խոսքով` այսօր նախատեսվում է Փաշինյանի որդու և նրա առևանգման գործով ձերբակալված կնոջ առերեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին, որը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է, «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ 10-11 ժամ անազատության մեջ պահված Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Մելիքյանը նաև հայտնել է` այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե իրեն առևանգել է տիկին Գայանեն։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ։