Մենք մեր ճշմարտությունը չենք ներկայացնում, մեր հարևանները դա անում են ստի հենքի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ասում է, որ ստացվել է այնպես, որ նրանց արած քայլերը այնքան հիմնավոր էին, որ սուտը մարդկության կողմից ընդունվել է իբրև ճշմարտություն։ Օթարյանը կարևորել է հայկական մշակութային արժեքների մասին տեղեկատվության տարածումը աշխարհով, որպեսզի դրա հակակշիռը երբեք չառաջանա։ Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը։
-Ասում են` թանգարանները ժամանակի «պահածոներն» են։ Կենցաղային է հնչում, բայց և ճշմարտություն կա։ Ըստ Ձեզ, ինչո՞ւմն է թանգարանի առաքելությունը։
-Թանգարաններն ամբարում կամ պահեստավորում են ոչ միայն ժամանակը, այլ նաև այդ ժամանակի մեջ ներառվող ամբողջ պաշարը՝ և ՛պատմությունը, և՛ մշակույթը։ Բայց առավել կարևոր է թանգարանի պաշարի փոխանցման գործառույթը, որը դառնում է կամուրջ անցյալի և ներկայի միջև։ Այդ պատճառով թանգարանները պարբերաբար ենթարկվում են փոփոխությունների, փոխվում են մատուցման ձևերը` ըստ ժամանակի պահանջների։
-Ապացուցված է, որ թանգարանները նպաստում են բնակչության կրթամշակութային մակարդակի բարձրացմանը, մարդու և նրա շրջապատի մասին գիտելիքների տարածմանը, ծառայում են հասարակության հոգևոր զարգացմանը: Այսօրվա մեր հասարակության կրթական մակարդակի և ընդհանուր իրավիճակի ընկալման միջև կապ տեսնո՞ւմ եք։
-Անշուշտ։ Ամեն ինչ գալիս է այդ կրթական մակարդակից, և տիրող իրավիճակը դրա տրամաբանական արդյունքն է։ Ճիշտ է, 90–ականների պատերազմից հետո կար տնտեսական անկում, բայց կար հաղթանակած ոգի։ Մեզ համար բոլոր դռները բաց էին, մեր քայլերի մեջ շատ համարձակ էինք։ Դրանից հետո եկավ անցումային ժամանակաշրջան, քայլերի ընկալման խնդիր կար։ Բայց թանգարանի այցելուներից շատ բան էր կախված։ Պետք էր հասկանալ` այցելուն ի՞նչ նպատակով է եկել թանգարան՝ իներցիայո՞վ, որը գալիս էր խորհրդային տարիներից, հետաքրքրությունի՞ց, թե՞ ելնելով տեղեկատվական պակասից։
-Այլ կերպ ասած` նաև այցելուն էր թելադրում գործունեության ռազմավարությունը։
-Մինչև հիմա էլ նա է թելադրում։ Հենց այդ ժամանակ տեսանք այդ կրթության պակասը։ Նախ՝ երկրաշարժ, հետո պատերազմ․․․այդ անցումային ժամանակաշրջանում մենք ունեցանք կրթական անկում։ Հիմա դա շատ է երևում, երբ երեխաները գալիս են իրենց ծնողների հետ, ովքեր այն ժամանակվա սերունդ են, ովքեր կրթության պակաս ունեն, բայց և հենց նրանց ձեռքին է մեր ամբողջ իրողությունը։ Ի դեպ, ծնողների երկու բևեռ կա։ Ծնողներ, ովքեր երեխաներից շուտ, սպունգի պես ընկալում են ամբողջ տեղեկատվությունը և ուզում են լրացնել իրենց բացը։ Եվ կան ծնողներ, ովքեր ասում են՝ ես երեխային դրսում կսպասեմ։
-Դուք ոչ միայն թանգարանագետ եք, այլև կոմպոզիտոր։ Մեր հարևանների ծավալապաշտական նկրտումների հետևանքով հաճախ հայտնվում ենք աբսուրդային իրավիճակներում՝ կապված մեր մեղեդիների, երաժշտական գործիքների, զարդանախշերի, եկեղեցիների սեփականությունը հաստատելու հետ։ Հնարավո՞ր է, արդյոք մեկընդմիշտ լուծել մեր մշակութային արժեքների հայկականության հարցը։ Մեր թերացումն ինչո՞ւմ եք տեսնում։
-Սրտիս մոտ հարց է։ Հաճախ եմ մտածել այդ մասին։ Մեր բոլոր կորուստները մեր չարածի արդյունքն են։ Այդ ժամանակահատվածը մենք չկարողացանք ճիշտ գնահատել։ Հաղթած լինելով` շատ ինքնավստահ էինք և ժամանակը բաց թողեցինք։ Մինչդեռ հարկավոր էր մեր ազգային արժեքները ոչ թե մեր մեջ պարփակել, այլ հասցնել աշխարհի տարբեր կողմերը։ Այստեղ մենք մեր ամենամեծ սխալը թույլ տվեցինք։ Ասում եմ «մենք», որի մեջ նաև «ես»-ն է։ Երբ ուզում ենք խուսափել պատասխանատվությունից, օգտագործում ենք «մենք» բառը, բայց այդ «մենք»-երը «ես»-երի համախմբում է։
Օրինակ բերեմ Սպենդիարյանին։ Խորհրդային տարիներին նա ամբողջ Միությունում և Եվրոպայում ճանաչված կոմպոզիտոր էր։ Մենք հաշվի չառանք, որ մի օր ճանաչող սերունդը գնալու է, իսկ նոր սերնդին իր մտածելակերպով, նոր գործիքակազմով այդ նույն Սպենդիարյանին՝ իր ստեղծագործական ժառանգությամբ պիտի չդադարենք ներկայացնել։ Իսկ մենք դադարեցինք, ես դադարեցի։ Ժամանակաշրջանը այդպիսինն էր, կողմնորոշումը դժվար էր։ Բայց դա երբեք մեր մեղքը չի արդարացնում։
-Հիմա արդեն ո՞ւշ է։
-Երբեք էլ ուշ չէ։ Երկու տարի առաջ` Սպենդիարյանի 150-ամյակի հիմքում հենց դա էր դրված․ անել գործողություններ, որոնց արդյունքում կունենանք մնայուն արժեքներ ոչ միայն Հայաստանի համար, այլև աշխարհի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվեց «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագիրքը՝ հայերեն և անգլերեն։ Սա առաջին նման ծավալի աշխատություն-ձեռնարկն է, որ դրվեց ընթերցողի սեղանին և տարածվեց աշխարհի գրադարաններում։ Այնպես որ, չիմացողները մեղք չունեն։
Մինչ մենք դանդաղ, տոտիկ-տոտիկ․․․ հարևանները դա անում էին ոչ թե ճշմարտության, այլ ստի հենքի վրա։ Ստացվեց այնպես, որ նրանց արած քայլերը այնքան հիմնավոր էին, որ սուտը ընդունվեց մարդկության կողմից իբրև ճշմարտություն։ Այսօր աշխարհը մի մեծ տարածություն է, որտեղ մի ինֆորմացիան մոլեկուլի նման շրջում է։
-Երբ գալիս է տարեկան մեկ անգամ Թանգարանային գիշերը, և մուտքն անվճար է, տեսնում ենք, թե ինչպիսի աշխուժություն է տիրում, գրեթե բոլոր թանգարաններում։ Կարելի՞ է ասել, որ եթե նման պայմանները գործեին միշտ, կամ տոմսի արժեքը լիներ շատ սիմվոլիկ, մարդիկ ավելի շատ կհաճախեին թանգարաններ։
- Ասեմ, որ երբեք էլ թանգարանների մուտքը մեծ գումար չի եղել։ Այսօր, երբ զբոսաշրջիկին ասում ենք, որ մուտքի տոմսը 700 դրամ է, զարմանանում է։ Կարծում եմ, որ դա մարդկանց հոգեբանական վիճակից է։ Այն ինչ անվճար է, միշտ գրավիչ է։ Եվ ամեն ինչում է այդպես։ Վստահ ասում եմ, որ այդ օրը թանգարան այցելող ոչ մի մարդ թանգարանից լիարժեք վայելում չի ունենում։ Որովհետև մարդկանց հոսքը շատ է, ցուցափեղկերին մոտենալը, թանգարանային արժեքների անմիջական շփումը, էներգետիկ դաշտի փոխանցումը ուղղակի անհնար է։ Դա ավելի շատ նման է մրցավազքի, որ հետո ասեն` այստեղ եղել եմ, այնտեղ եղել եմ։
Երբ մենք հասկացանք, որ մեր նման փոքր թանգարաններում անհնար է որևէ բան անել, հայտարարեցինք Թանգարանային գիշերները թանգարանից դուրս անցկացնելու մասին, քանի որ ունենք փոքրի գողտրիկ պուրակ, որտեղ անցկացնում ենք բացօթյա համերգներ, ցուցադրություններ, տարբեր ձևաչափի միջոցառումներ։ Պայմանականորեն ասեմ, որ ամբողջ տարվա ընթացքում այդքան այցելու չենք ունենում, որքան թանգարանային գիշերը։ Այս տարի էլ շատ բան է ընդգրկված «Երաժշտական իրարանցում» ծրագրում, բայց թանգարանային պուրակը բարեկարգման ու վերանորոգման փուլում է, վստահ չեմ որ կհասցնեն ավարտել մինչ Թանգարանային գիշերը։
- Այսօր, երբ աշխարհում, մարդկանց ապրելաձևում ու հարաբերություններում գերակայում է վիրտուալ ձևաչափը, երբ շատ բան կարելի է կազմակերպել առանց տնից դուրս գալու, ինչին մեզ սովորեցրեց քովիդը, որքանո՞վ ակտուալ են թանգարաններն ու դրանց իրական այցելությունները։
-Քովիդն իր սև գործն արեց։ Բայց քովիդից հետո ամեն մարդ իր մեջ բացահայտեց ունակությունների պաշար, որի մասին չգիտեր։ Մենք մեր բոլոր նախագծերը տեղափոխեցինք վիրտուալ հարթակ՝ նոր լսարան ձեռք բերելու նպատակով և հասկացանք, որ կան տանը նստած մարդիկ, ովքեր ցանկանում են շրջել թանգարանում։ Արդյունքում նա, ով վիրտուալ շրջել էր այդ թանգարանով, ցանկացավ հաղորդակցել իրական էներգետիկ փոխանցման դաշտում։ Որքան էլ հաջողենք վիտուալ հարթակներում, միևնույն է`իրական շփումն ու էներգիայի փոխանցումը ոչ մի բանով չի փոխարինվում։
-Հայաստան եկած բազմաթիվ ռելոկանտները այցելո՞ւմ են թանգարաններ, զբոսաշրջիկների հետաքրքրություն թանգարանի հանդեպ նկատվո՞ւմ է։
-Եվրոպացի զբոսաշրջիկները շատ չեն, բայց ռուսաստանցիները, այո, հետաքրքրվում են, քանի որ գիտենք, որ Սպենդիարյաննիր ողջ կյանքն ու գործունությունը ծավալել է Ռուսական կայսրությունում, այնտեղ ստացել կրթություն։ Նրանց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանում կոմպոզիտորին նվիրված առաջին երաժշտական մեմորիալ թանգարանը։
-Թանգարանների միջև մրցակցություն կա՞, խոսքը տեխնիկական ժամանակակից միջոցների ու նորամուծությունների մասին է։
-Բնական է, որ կա և պետք է լինի։ Ինչով գրավել այցելուներին։ Աշխարհում հիմա թանգարանների ֆունկցիաները ձևափոխվել են։ Որքան էլ ասենք, որ հիմքում մշակութային արժեքների ամբարումն է, թանգարանը ներկայում շատ այլ գործառույթներ է իրականացնում, այդ թվում նաև ժամանցային։ Եթե 90-ականների թանգարանը մի տեղ էր, ուր գալիս էին տեղեկություն և ֆորմալ կրթություն ստանալու, ինտելեկտուալ պաշարը հարստացնելու համար, հիմա գնում են նաև ժամանցն անցկացնելու։ Շատ թանգարաններում կան սրճարաններ, հանգստի վայրեր։ Թեև շատերը քննադատաբար եմ մոտենում, բայց ես շատ լավ եմ նայում դրան, քանի որ թանգարան այցելելուց հետո, երբ նույն վայրում սրճում ես, մթնոլորտից չես կտրվում։ Միայն թե մեկը մյուսի հաշվին չպիտի արվի։
Մարինե Օթարյանը հավելում է, որ հիմա ամենքս մեր տեղում, առավել քան երբեք, անելիք ունենք մերը պահելու, զարգացնելու և փոխանցելու աշխարհին, որպեսզի դրա հակակշիռը երբեք չառաջանա։