Կուսակցությունների միջազգային ասոցացիան ՀՀ-ին կոչ է արել չճնշել քաղաքական մրցակիցներին

Արխիվային լուսանկար
CDI–ն լիակատար համերաշխություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և հանդես է եկել որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային։ Այս մասին Սլովենիայում կայացած նիստի ժամանակ արտակարգ բանաձև է ընդունվել, որը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության մասին է։ Բանաձևի մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Համաձայն այդ բանաձևի, Հայաստանը պետք է ճանաչի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն։
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը դատապարտում է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին.
«CDI–ը վստահորեն պնդում է, որ մրցակիցների դեմ քաղաքական դրդապատճառներով գործեր հարուցելու մասին իրավապահ համակարգի ընդունած որոշումը քաղաքական մրցակիցների վրա ճնշում գործադրելու դրսևորում է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին, որոնցով պետք է առաջնորդվեն նման ինստիտուտները։ Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային, ընդգծում է իրավապահ մարմինների՝ իրենց գործողություններում անաչառության պահպանման կարևորությունը»,– ասված է Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի ընդունած բանաձևում։
CDI–ը լիակատար համերաշխություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և հանդես է եկել որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։
Բանաձևով հաստատվում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:
Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրից: