Կառավարությունը որոշեց` ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Հայաստանի և Հնդկաստանի դրոշները
Թե ով կնշանակվի այդ պաշտոնում առայժմ հայտնի չէ։ Հայտնի չեն նաև նշանակման ժամկետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կառավարությունը հաստատեց Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք ստեղծելու որոշման նախագիծը։
Պաշտպանության նախարարության հեղինակած նախագիծը կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
Փաստաթղթի համաձայն` Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:
Ռազմական կցորդը Հնդկաստանի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ:
Բացի այդ ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ։
Թե ով կնշանակվի այդ պաշտոնում առայժմ հայտնի չէ։ Հնարավոր նշանակման ժամկետների մասին ևս նախագիծը լռում է։