ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներն այսուհետ բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար և արտոնյալ պայմաններով։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների հիման վրա։
Որոշման համաձայն` արտոնությունից օգտվելու իրավունք ունեն միայն հիշյալ պաշտոնյաների ամուսիններն ու ծնողները։ Ընտանիքի այլ անդամների վրա անվճար բուժօգնության կարգավորումը չի տարածվում։
Անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման գումարը փոխանցվելու է առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներից։
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։