ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 18-ին բուժզննում է անցել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կիսապաշտպանը ձախ ազդրի քառագլուխ մկանը լարվածություն ունի, և այդ պատճառով նրա վնասվածքի լրջության աստիճանը կգնահատվի առաջիկա օրերին, ևս մեկ բուժզննում անցկացնելուց հետո։ Միևնույն ժամանակ ըստ իտալական La Gazzetta dello Sport- պարբերականի տեղեկությունների, չնայած նրան, որ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է, Հենրիխը, ըստ ամենայնի, կհասցնի ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում։
Հիշեցնենք, որ իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Այդ խաղում «Ինտերը» հաղթանակի հասավ 1։0 հաշվով, ու երկու խաղերի ընդհանուր արդյունքում 3։0 հաշվով հաղթանակի հասավ «Միլանի» նկատմամբ։
«Ինտերը» ՉԼ եզրափակիչում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։