ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հացահատիկային գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ` առանց որևէ փոփոխության: Եթե երկու ամսում բոլոր խնդրահարույց հարցերը չլուծվեն, պայմանավորվածությունը կդադարեցվի հուլիսի 17-ից հետո, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Մայիսի 18-ին ուկրաինական պարենի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» երկարաձգման 60-օրյա ժամկետի ավարտի հետ կապված և ի պատասխան, առաջին հերթին, թուրք գործընկերների դիմումների՝ որպես պայմանավորվածության կողմ, հաստատել ենք դրա երկարաձգումը ևս երկու ամսով մինչև հուլիսի 17-ը ներառյալ, առանց որևէ փոփոխության»-,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է հինգ համակարգային խնդիր, որոնք պետք է լուծվեն Ռուսաստան-ՄԱԿ հուշագրի իրականացման շրջանակներում, և որոնց ուղղությամբ առաջընթաց մինչև օրս չկա` «Ռոսսելխոզբանկի» վերամիացումը SWIFT-ին, պահեստամասերի մատակարարումը, տրանսպորտային լոգիստիկայի և ապահովագրության ապաշրջափակումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի վերաբացումը և ռուսական ընկերությունների ակտիվների ապասառեցումը։
«Առանց այդ պահանջների կատարման «Սևծովյան նախաձեռնության» ընդլայնման մասին խոսք լինել չի կարող, իսկ պայմանավորվածությունը կդադարեցվի հուլիսի 17-ից հետո»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով, երեք նավահանգիստներից, այդ թվում` Օդեսայից։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին նշել էր, որ Արևմուտքն Ուկրաինական հացահատիկի մեծ մասը տեղափոխում է իր, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրների համար։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը` Ռուսաստան–ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկ»-ի վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։