ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` սա խնդիր է, որ ազդելու է խաղողի մթերման վրա։
«Մենք պետք է ընդհանուր առմամբ տեսնենք թե ինչպիսին է միջավայրը, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ գիտեք, որ կառավարությունը կարողանում է ինչքան հնարավոր է արագ արձագանքել տեղի ունեցածին` չեմ ասի իդեալական և լավագույն ձևով, բայց անցնցում»,– ասաց նա։
Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ այս պահին խաղողագործության մեջ կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում։
Հիշեցնենք, որ հետքովիդյան 2021 թվականին Հայաստանից կոնյակի արտահանումը սկսել էր վերականգնվել։ 2020 թվականի համեմատ այն աճել էր մոտ 20%-ով ՝ հասնելով 240 մլն դոլարի։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով ՝ արտահանման մոտ 75 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։
2021 թվականին արտահանման արժեքը հասել է մոտ 180 մլն դոլարի։ Երևանի կոնյակի գործարանը Ռուսաստանում կոնյակի խոշոր մատակարարներից մեկն է։ 2020 թ-ին արտահանումների քանակով կոնյակը երրորդ ապրանքն էր ըստ հասույթի` պղնձի խտանյութից և ծխախոտից հետո։ 2021 – ին կոնյակը երկրորդն էր։