ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը եկել էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչություն` 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի հետ առերեսման։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը ներսում էր։
«Ներսում առերեսման գործողություն էր, դրա ընթացակարգի մասով որևէ բացասական նկատառում չունենք, ըստ կարգի անցկացվեց։ 23։00-ին Շենգավիթի դատարանում դատական նիստը կանցկացվի»,– նշեց Մելիքյանը։
Դեռ երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Կարճ ժամանակ անց տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ Աշոտ Փաշինյանն ինքն է գնում դեպի Գայանե Հակոբյանի մեքենան ու նստում, իսկ մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ Աշոտը բացում է դուռը, նետվում այնտեղից, ապա կանգնում է։ Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։