Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող զոհվածի մոր ձերբակալման որոշումը բողոքարկվել է

Գայանե Հակոբյան. Արխիվային լուսանկար
Ժորա Մարտիրոսյանի մայրը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ Ժորա Մարտիրոսյանի մայրը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։
«Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք է արվել դատարան»:
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Քննչականից է հայտնեցին, որ Աշոտ Փաշինյանը ճանաչվել է տուժող։