Առողջական վիճակը վատ էր. փաստաբանն այցելել է Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված կնոջը

Վահան Հովհաննիսյան
Փաստաբանի խոսքով` Գայանե Հակոբյանը ձերբակալումից հետո սնունդ չի ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) տեսակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես, ինչպես վայել է հերոսածին մորը»,– նշել է փաստաբանը։
Նա հավելել է, որ ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։