ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է համաներում հայտարարել. նախագիծն արդեն խորհրդարան է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում:
Համաներման անհրաժեշտությունը միտված է հետպատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները որոշ չափով մեղմացնելուն:
Համաներումը նվիրվում է արցախյան շարժման 35-ամյակին և տարածվելու է ավելի քան 100 մարդու վրա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։