Զոհվածների 4 ծնողներ են ձերբակալվել. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի խոսքով` ձերբակալության ժամանակ եղել է ուժի կիրառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Աշոտ Փաշինյանի գործով 4 ձերբակալված կա։ Լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով` ձերբակալվածների թվում են Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը, Մխիթար Գալեյանի հայր Գարիկ Գալեյանը և Ժորա Սահակյանի հայր Վահիդ Սահակյանը և Վիգեն Ազատյանը` Արման Ազատյանի հայրը։
«Եղել է խայտառակ ուժի կիրառում, ձեզ հայտնի վատ ձևով են բերել` ձեռնաշղթաներով»,– մանրամասնեց Ռուբեն Մելիքյանը։
Հիմնական վարույթը ստանձնելու է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Մելիքյանի խոսքով` այս պահին ևս Հովհաննիսյանը ներսում է, աշխատում է, անհրաժեշտության դեպքում իրենք էլ կմիանան։
Մելիքյանը տեղեկացրեց, որ ընթանում են քրեադատավարական ընթացակարգեր, մասնավորապես` խուզարկություն։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհվածների մի քանի ծնողներ փորձել են առևանգել վարչապետի որդուն ` Աշոտ Փաշինյանին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը։
Լրագրողների հետ զրույցում Աստղիկ Գալեյանը մանրամասներ հայտնեց Աշոտ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Նրա խոսքով` մայրերը հանգիստ զրուցել են նրա հետ, զրույցում Աշոտ Փաշինյանը նույնիսկ ներողություն է խնդրել մայրերից։ Նա ինքն է համաձայնել նստել մայրերից մեկի մեքենան, թե ինչու է հետո իրեն նետել մեքենայից, չի կարողանում հասկանալ։ Կասկածում են, թե կանխամտածված արարք է եղել` ծնողների վրա, այսպես ասած, «նոր գործ կարելու համար»։