ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Արձանագրվել է, որ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են և հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, իսկ ՔԿՀ մուտքի մոտ կառուցվում է նոր սպասասրահ։
«Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկի վերանորոգման խիստ անհրաժեշտության, զբոսաբակերում մարմնամարզության սարքերի և սպորտային պարագաների սակավության կամ բացակայության, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված միջավայր ունենալու անհրաժեշտության հետ կապված մի շարք հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բողոքներ են եղել նաև խմելու ջրի մատակարարման և պարբերաբար անջատումների առնչությամբ:
Այցի ընթացքում արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց ցուցված դեղորայքը չտրամադրելու դեպքեր։
Օտարերկրյա քաղաքացիների բողոքները վերաբերել են հիմնականում ՔԿՀ-ներում հաղորդակցման դժվարություններին և դատական ակտերի թարգմանությունների բացակայությանը:
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։