«Շատ անհանգստացած ենք». Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին

Վահան Քերոբյան
Նախարարին անհանգստացնում են ոչ միայն վերջին լուրերը, այլ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերն անհանգստացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարն այդ մասին խոսեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Մայիսի 16-ին տեղեկություն տարածվեց, որ Իտալիայում մոտ 3 տոննա կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Թմրամիջոցը թաքցրել էին 78 տոննա բանանի խմբաքանակում։ Մայիսի 17-ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին (մոտ 250 մլն եվրո արժողության)։
«Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով»,– նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք` ըստ ԱԱԾ–ի` կոկաինը Էկվադորից Հայաստան է բերվել մրգերի ներմուծմամբ զբաղվող ինչ–որ ընկերության կողմից, որի անունը չի նշվում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Ինչ վերաբերում է Իտալիայում հայտնաբերված թմրամիջոցի խմբաքանակին, ապա ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տարածված այդ տեղեկությունը։