Փաշինյանը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է եվրոպացի առաջնորդների հետ

Նիկոլ Փաշինյանն ու Թինի Քոքսը
ԵԽԽՎ նախագահի հետ քննարկվել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ և քննարկել Լաչինի միջանցքի փակման թեման։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է, և Հայաստանը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով։
Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ:
Նիկոլ Փաշինյանն ու Քսավյե Բեթթելը
Նրանց հետ ևս խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին, քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
Նիկոլ Փաշինյանն ու Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը
Հիշեցնենք` Փաշինյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն` Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու։