ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք:
Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:
Գագաթնաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 17-ին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԵԽ գագաթնաժողովին մասնակցելու համար Իսլանդիա է մեկնել մայիսի 15-ին։ Այցի շրջանակում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: