Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա

Մարիա Զախարովա
Ռուսական կողմը մտադիր է ամեն կերպ նպաստել, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կայունանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ին և 12–ին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Սոթքի հատվածում։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ քայլերից»,– ասաց նա։
Զախարովան համոզմունք հայտնեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական հարթակում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ էր կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ էր կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում էին ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:
Ադրբեջանի ԶՈւ–ն Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կրակ է բացել նաև այսօր` մայիսի 17-ին։ Վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Վիրավորում է ստացել նաև բուժակը: