ՀՀ-ն չի ստորագրել Ուկրաինայի վնասի ռեգիստրի ստեղծման մասին Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը

ԵՄ դրոշ
Բացի «միջազգային փոխհատուցումների համար» գրանցամատյանից, ընդունվել է նաև Ուկրաինայում երեխաների վիճակի մասին հռչակագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանը չի ստորագրել հակամարտության ընթացքում Ուկրաինային հասցված վնասի գնահատման ռեգիստր ստեղծելու մասին Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը։
Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունված համաձայնագրում, այն պետք է հիմք դառնա միջազգային փոխհատուցումների մեխանիզմի համար: Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներ, ինչպես նաև Կանադան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Եվրամիության վարչակազմը:
Եվրոպայի խորհուրդը նաև կոչ է արել Ռուսաստանին զորքերը դուրս բերել Ուկրաինայից, Վրաստանից (Հարավային Օսեթիա, Աբխազիա - խմբ.) և Մոլդովայից (Մերձդնեստր-խմբ.):
Բացի այդ, հռչակագիր է ընդունվել ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների վիճակի մասին՝ կոչ անելով երկրներին աջակցել Ուկրաինայի իշխանություններին և «ապահովել ռուսական ուժերի կողմից անօրինական կերպով դուրս բերված երեխաների անհապաղ վերադարձը»: Միաժամանակ նշվում է` եվրոպական այն երկրները, որոնք Ուկրաինայից երեխաներ են ընդունել, պետք է նյութական օգնություն ստանան։
Հայտարարությունը չեն ստորագրել նաև Ադրբեջանն ու Սերբիան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։