Հենրիխ Մխիթարյանը վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը. Ինձագի

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վաստակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալու հնարավորությունը։ Այս հայտարարությունն արել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին football-italia-ի հետ զրույցում։
Երեկ «Ինտերը» «Միլանի» հետ պատասխան խաղում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով փոխարինվեց 44-րդ րոպեին։

«Հուսանք` Մխիթարյանի վնասվածքը ծանր չէ, նա շատ կարևոր է մեր թիմի համար։ Առաջիկա մի քանի օրում պարզ կլինի նրա վիճակը»,– ասել է Ինձագին։

Twitter–յան էջում։ գրառում է արել նաև Հենրիխ Մխիթարյանը։
«Չեմպիոնների լիգայում ճանապարհորդությունը շարունակվում է։ Կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է ֆուտբոլիստը։
Ի դեպ, Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Հիշեցնենք` առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով։ Գոլերի հեղինակ էին դարձել Էդին Ջեկոն ու Հենրիխ Մխիթարյանը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։ Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը մայիսի 17-ին պատասխան խաղում կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը»։