ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարում է, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի և Թուրքիայի փոխգործակցության շուրջ ստեղծված իրավիճակը միատարր չէ։ Նա այդ մասին հայտարարեց այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
«Մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի միջև կա փոխըմբռնում, բայց կան նաև տարաձայնություններ։ Դա միանգամայն նորմալ աշխատանքային գործընթաց է։ Բայց պետք է ոչ թե ընդհանուր խոսել, այլ գնահատել փոխգործակցության կոնկրետ մասը»,– հավելեց նա։
Զախարովայի խոսքով` հարավկովկասյան ուղղությամբ հաջող փոխգործակցության օրինակներ կան, կա Սիրիայի հարցով գործակցելու օրինակը։
Ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի` օրինակներ կան, որ երեք-չորս տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, թե այս ձևաչափերով, և այս հարցերում կարելի էր պայմանավորվել, բայց երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ ելքեր գտնվեցին, հատկապես այն իրավիճակներից, որոնք շատերն անլուծելի էին համարում։