ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Այս տարի մենք ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, և, գործող իրավակարգավորումների համաձայն, իրենք մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին։ Մենք`որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին պետք է աջակցել, որպեսզի այս տարի ավելի պատրաստված լինեն ատեստավորմանը»,–ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ հինգ բուհեր ներկայացրել էին կամավոր ատեստավորման նախապատրաստական գործընթացների վերապատրաստման մոդուլներ և ծրագրեր, որոնք արդեն երաշխավորվել են նախարարի հրամանով։
«Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ չեն գրանցել, այդ 5 բուհերից ցանկացածը կարող են ընտրել, գրանցվել վերապատրաստման դասընթացի և հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին»,–ասաց նա։
Հարցին, որ եթե ուսուցիչները կրկին չհաղթահարեն կամավոր ատեստավորումը, ինչ կլինի, փոխնախարարը պատասխանեց, որ նրանք հավանաբար կզրկվեն իրենց աշխատանքից։
«Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները պետք է որ չշարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ուսուցիչը, որը երկու անգամ, առավել ևս վերապատրաստում անցնելուց հետո, իր առարկայի դասավանդման գիտելիքների նվազագույն շեմը չի հաղթահարում, կասկածի տակ է դնում իր մասնագիտական գիտելիքները, և հարց է առաջանում, թե նա ինչ գիտելիքներ է փոխանցում իր դասարանում սովորող աշակերտներին»,–ասաց փոխնախարարը։
Հավելենք, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը։