Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ժամանակ է տրվել ատեստավորում անցնելու համար

Արաքսիա Սվաջյան
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները եթե ատեստավորում չանցնեն՝ կզրկվեն իրենց աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, ապա, եթե չմասնակցեն կամավոր ատեստավորման գործընթացին, կզրկվեն աշխատանքից։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։
Նրա խոսքով` ուսուցիչների կամավոր ատեստավորման համար արդեն իսկ հայտերը բացված են, և մինչև հուլիսի 15–ը ուսուցիչները կարող են հայտագրվել։
Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները։
Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով։
ՀՀ–ում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, ավագ դպրոցը` 19900 սովորողներ
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին և ունենալ հավելավճար ստանալու հնարավորություն։