ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Պատերազմը ժողովրդավարության համար մեծագույն փորձություն է։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրված եռակողմ համաձայնությունը պատճառ դարձավ, որ, այսպես ասած, «հարձակում» լինի պետական ինստիտուտների ուղղությամբ, սակայն արտահերթ ընտրությունները հնարավորություն տվեցին պահպանելու ժողովրդավարությունը և հասարակական կարգը։ Նրա խոսքով` հաջողվեց նաևխաղաղության օրակարգ ձևակերպել, սակայն օրակարգը ևս հարձակումների ենթարկվեց, և Ադրբեջանը ռազմական սադրանքներ գործադրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։
Փաշինյանը խոսեց նաև Լաչինի ապօրինի շրջափակման մասին, որի պատճառով ԼՂ–ում ապրող հայերը հումանիտար ճգնաժամի մեջ են արդեն ավելի քան 5 ամիս։
«Այսօր Լաչինի միջանցքի ապաշրջափակումը մեր առաջնահերթությունն է, նաև կարևոր է սկսել Բաքու–Ստեփանակերտ բանակցությունները, որոնց նպատակն է ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,– նշեց վարչապետ Փաշինյանն ու ընդգծեց այս հարցում միջազգային մեխանիզմների կիրառման կարևորությունը։
Ըստ ՀՀ վարչապետի, Եվրոպայի խորհուրդը, օգնելով հասցեագրել այս հարցերը, կնպաստի Հարավային Կովկասում կայունությանն ու ժողովրդավարությանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԵԽ գագաթնաժողովին մասնակցելու համար Իսլանդիա է մեկնել մայիսի 15-ին։ Այցի շրջանակում նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: