ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18–ին, Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։
«Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով այցելուներին ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր:
Թե ինչ միջոցառումներ են նախատեսված այս տարի, կարող եք ծանոթանալ այստեղ։
Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ): «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Հայաստանը ևս միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: