Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 9 բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստան

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Այսօր ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։