Պարտքը գործող իշխանության համար «հեշտ» փող է, որը վերադարձնելու պատասխանատվությունը հիմնականում կրում են հաջորդ իշխանությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքի աճի միտումը։
«Այսօր ես եմ իշխանության, ով ինչ պարտք տալիս է, ինչ տոկոսով տալիս է` վերցնեմ։ Վաղը իմ ախոյաններն են գալու փակեն (եթե, իհարկե, գան իշխանության), իրենց գլուխն է ցավելու։ Իսկ որ այդ պարտքի բեռը հիմնականում ծանրանում է հասարակության ուսերին, չի հետաքրքրում օրվա իշխանությանը»,– ասաց Մարգարյանը։
Բացի այդ, մասնագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ պարտքը ոչ միայն մեծացել է, այլև դրա կառուցվածքն է որակապես փոխվել դեպի վատը։ Եթե նախկինում ներքին ու արտաքին պարտքի հարաբերակցությունը կազմում էր 20/80 տոկոս, այսօր ներքին պարտքի մասնաբաժինը պետական պարտքի մեջ կրկնապատկվել է` հասնելով շուրջ 40/60-ի։
«Իսկ սա խայտառակություն է։ Սա նշանակում է, որ պետությունը ներքին շուկայից փողը քաշում է իր խնդիրները լուծելու համար։ Իսկ դրանք հայտնի խնդիրներ են, առաջին հերթին` պարգևավճարներ, ճոխ ճամփորդություններ, ընդունելություններ, ուռճացված պետական ապարատ։ Ես կհասկանայի, եթե այդ փոխառությունների հաշվին պետական պարտքն ավելանար ու գնար, ենթադրենք, ամենաարդիական զենքերի ու տեխնոլոգիաների, սահմանների արդիական ֆորմատներով կահավորման և այս տեսանկյունից խնդիրների լուծման։ Բայց մենք դա չենք տեսնում»,– նկատում է մեր զրուցակիցը։
Բացի այդ, տնտեսագետն արձանագրում է, որ պարտքի խնդիրը միայն պետության խնդիրը չէ։ Հայաստանում գերպարտքավորված է նաև հասարակությունը։ Դրա վառ ապացույցը հիփոթեքային շուկայի ներկա վիճակն է։
Գերպարտքավորված են նաև մասնավոր բանկերը։ Քանի որ Հայաստանում փողը թանկ է, բանկերը գումարներ են ներգրավում դրսից, և ստացվում է, որ բանկերն իրենք պարտքի տակ լինելով, հասարակության համախմբված պարտքն են ավելացնում։
Մյուս կողմից, Ատոմ Մարգարյանը Հայաստանի վերջին տարիներին կտրուկ աճած պարտքը համադրում է նույն ժամանակահատվածում մեր երկրի կրած տարածքային, մարդկային կորուստների հետ ու բավական մտահոգիչ եզրակացություն անում։
«Արևմտյան ստնտուները` հատկապես հայտնի դոնորները, լուծում են ոչ միայն ու ոչ այնքան ֆինանսական խնդիրներ, որքան քաղաքական, ռազմավարական, գեոպոլիտիկ խնդիրներ։ Եվ, եթե մենք այդ պարտքին նայում ենք արդեն քաղաքական կոնտեքստից, ապա կարող ենք ասել հայտնի Կլաուզևիցի դրույթներով` եթե ուզում եք երկիրը քանդեք ներսից, պարտք տվեք։ Պարտքը շատ վերահսկելի ու կառավարելի է դարձնում ցանկացած երկրի ցանկացած կառավարության»,– ասում է Մարգարյանը։
ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ գերակատարել է 2023թ–ի առաջին եռամսյակի հարկային եկամուտները, բայց լռում է այն մասին, որ նույն ժամանակահատվածում պետության պարտքն ավելացել է 262 մլն դոլարով։
Պաշտոական վիճակագրությունը նաև փաստում է, որ գոյության 28 տարիների ընթացքում ՀՀ–ն կուտակել է 6,7 մլրդ դոլարի պարտք, իսկ միայն վերջին 5 տարում` ևս 4,2 մլրդ դոլարի։