Պակիստանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին

Անկարգություններ Պակիստանում. Արխիվային լուսանկար
Փենջաբ նահանգում ձերբակալվել է ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության ևս մեկ ղեկավար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Պակիստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ սահմանային շրջանների նախկին պետնախարար և թմրանյութերի վերահսկողության նախկին նախարար Շեհրիյար Խան Աֆրիդին ձերբակալվել Է Իսլամաբադում: Այս մասին հայտնում է Ary News հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության ղեկավար Խան Աֆրիդին ձերբակալվել է կարգուկանոնի պահպանման մասին օրենքի հիման վրա՝ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո մայիսի 9-ին տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։ Հետագայում Իմրան Խանը գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն նրան կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել։
Պակիստանի իշխանություններն անկարգությունները ճնշելու համար դիմել են բանակի օգնությանը
Փենջաբ նահանգում ձերբակալվել է նաև ընդդիմադիր կուսակցության մեկ այլ ղեկավար` Ֆայազ-ուլ-Հասան Չոխանը:
Պակիստանի պետական ռադիոն հաղորդում է, որ երկրի պաշտպանության նախարար Հավաջա Մուհամմադ Ասիֆը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ արգելել «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցությունը, սակայն անկարգությունների ժամանակ օրենքները խախտողների դեմ միջոցներ կձեռնարկվեն: