ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը e-draft.am կայքում։
Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 205 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի: