ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռեյկյավիկում Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին:
«Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:
ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ դրանք կհասցեագրեն նաև մերօրյա մարտահրավերները՝ ընդգծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հարցերում շարունակական սերտ համագործակցության պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: