ՀՀ–ում խարդախության հանցավոր սխեմա է բացահայտվել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Քննչական կոմիտե
Օտարերկրյա քաղաքացիները կոնկրետ երկիր դոլարային արտարժույթով փոխանցում կատարելու համար մի շարք անձանցից վերցրել են խոշոր չափի գումար ու չեն փոխանցել համապատասխան հաշվեհամարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բացահայտվել է այլ երկիր բանկային փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հանցավոր սխեմա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ խարդախությունը կատարել են մի քանի օտարերկրյա քաղաքացիներ։ Կիրառվող պատժամիջոցների պայմաններում նրանք կոնկրետ երկիր դոլարային արտարժույթով փոխանցում կատարելու համար մի շարք անձանցից, այդ թվում` Հայաստանում գտնվող տվյալ երկրի քաղաքացիներից վերցրել են խոշոր չափի գումար ու չեն փոխանցել համապատասխան հաշվեհամարներին։
«Քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը 2021թ. հոկտեմբերին 20.000 դոլար է փոխանցել այլ երկրում գտնվող իր հարազատին, հետո վստահություն ձեռք բերելուց հետո օրեր անց ևս 50.000 դոլար գումար է տվել մեղադրվող անձանց նույն եղանակով փոխանցում կատարելու համար։ Նրան ուղարկել են 2 կտրոն, ըստ որոնց` իբր նրա անվամբ փոխանցվել է 28.000 դոլար: Սակայն բանկում նրան հայտնել են, որ ներկայացրած կտրոններով փոխանցում չի կատարվել: Պարզաբանումներ ստանալու համար նա դիմել է գրասենյակի տնօրեն ներկայացած անձին, որը տեղեկացրել է, որ աշխատողը, վերցնելով գումարները, փախել է»,– գրված է հաղորդագրությունում:
Մեկ այլ դեպքում 2022թ. մայիսին օտարերկրացի անձը նույն գրասենյակի միջոցով փոխանցել է 3000 դոլար գումար։ Վստահություն ձեռք բերելով` նա փորձել է ևս 42.600 դոլար փոխանցել, սակայն դա այդպես էլ հասցեատիրոջը չի հասել։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա որպես գրասենյակի տնօրեն հանդես եկած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը)։
Որպես խափանման միջոց գրասենյակի տնօրեն ներկայացած անձի նկատմամբ կիրառվել է կալանքը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Որպես գրասենյակի աշխատակից հանդես եկած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, հայտարարվել է հետախուզում:
ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչությունը պահեստամասերը ձեռք է բերել ուռճացված գներով