ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) համատեղ կպայքարեն անդրազգային հանցագործությունների դեմ։ ՔԿ–ն ու ՀԴԲ–ն համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Փաստաթուղթը, որը ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը, ուղղված է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Այն վերաբերում է կիբեռհանցավորության, մարդկանց առևանգման, կազմակերպված հանցավորության, տնտեսական, ֆինանսական և բանկային ոլորտներում անօրինական միջազգային գործունեության, այդ թվում՝ փողերի լվացման, անօրինական միգրացիայի բոլոր ձևերի, թրաֆիքինգի, ինչպես նաև` այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։
Նշվում է, որ հուշագրի հիման վրա համագործակցությունն իրականացվելու է համակարգված օպերացիաների իրականացման, իրավապահ ոլորտում տեղեկությունների փոխանակման, կողմերի միջև գոյություն ունեցող համագործակցային կապերի ամրապնդման, ինչպես նաև` մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում մեթոդական աջակցության միջոցով։