ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հենրիխ Մխիթարյանի նման առաջատար ֆուտբոլիստ պետք է ցանկացած թիմին և հատկապես Հայաստանի հավաքականին։ Այս մասին Чемпионат.com -ին ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ, լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
«Նման աստղային անհատականության պարզապես հայտնվելը խաղադաշտում արդեն իսկ շատ բան է նշանակում մեզ համար։ Մրցակիցը սկսում է մի փոքր ավելի հարգալից վերաբերվել թիմին»,–ասել է նա։
Բերեզովսկու խոսքով` Մխիթարյանին ազգային հավաքականի կազմ կրկին ներգրավելու փորձեր եղել են, սակայն նա չի փոխել ավելի վաղ կայացրած որոշումը:
«Փորձեր եղան, այդ թվում՝ գլխավոր մարզչի կողմից։ Բայց Հենրիխը նման որոշում կայացրեց։ Չգիտեմ՝ վերջնական է, թե ոչ, բայց ամեն դեպքում նրան պետք է հարգել և ըմբռնումով վերաբերվել»,- ասել է ազգային հավաքականի նախկին դարպասապահը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին։
ЭԵս ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ լինել ավագը»,–գրել էր Միխթարյանը։
Նրա խոսքով` 95 միջազգային խաղերից, լարված աշխատանքից, իր երկիրը խաղադաշտում ներկայացնելու ճանապարհին աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան Հայաստանի հավաքականում։
Հայաստանի հավաքականի նախկին ավագն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ամբողջովին կենտրոնացած կլինի ակումբային կարիերայի վրա։