Հայաստանի և Իրանի քաղաքացիներից կաշառք ստանալու համար պաշտոնյաներ են ձերբակալվել

Ձեռնաշղթա
Տեսչական մարմնի աշխատակիցները կաշառք են վերցրել գերբեռնված բեռնատարներին չտուգանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի քաղաքացիներից կաշառք ստանալու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` տեսչական մարմնի աշխատակիցներ Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն և Վ. Մ.-ն 2023 թ.–ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Սիսիան համայնքում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետում հերթապահություն իրականացնելիս գերբեռնված բեռնատարների վարորդներից Ն. Վ.-ի օժանդակությամբ պահանջել և ստացել են կաշառք, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց։
Նրանք 20-60 հազար դրամ կաշառք, ինչպես նաև դիզելային վառելիք են ստացել:
Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն, Վ. Մ.-ն և Ն. Վ.-ն ձերբակալվել են:
Մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալը) և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալուն օժանդակելը):
ՀՀ պետբյուջեից ավելի քան 558 մլն դրամ են հափշտակել. 2 կալանավորված կա