Գրիգորյանը հայ-ադրբեջանական բանակցային զարգացումները ներկայացրել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչին

Խավիեր Կոլոմինան ու Արմեն Գրիգորյանը
Քննարկվել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումների մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին»,– նշել է Գրիգորյանը։
Քննարկվել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Բրյուսելում է։
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: