Էրդողանն ուշադրություն չի դարձնում նախընտրական հարցումներին. Քալըն

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հարցումների գլխավոր սխալն այն է, որ իշխող ուժի հետ դաշինքում գտնվող Ազգայնական շարժման կուսակցության ձայները կանխատեսվել էր ավելի քիչ, քան նրանք ստացել են ընտրությունների արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշադրություն չի դարձնում տարբեր հետազոտական կենտրոնների նախընտրական հարցումներին, նրա համար կարևոր է հանրության արձագանքը հանրահավաքների և հանդիպումների ժամանակ: A Haber–ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ ընտրություններից առաջ հետազոտական մի քանի կենտրոններ հրապարակել էին հարցումների արդյունքներ։ Մասնավորապես, Avrasya կենտրոնի հետազոտության արդյունքում Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ էին քվեարկել հարցման մասնակիցների 51,3 տոկոսը, գործող նախագահ Էրդողանի օգտին ՝ 44,2 տոկոսը: Իսկ ըստ OR կենտրոնի հետազոտության՝ Քըլըչդարօղլուն պետք է հաղթեր առաջին փուլում ՝ 7 տոկոս տարբերությամբ:
«Պետք է քննարկել այն, որ հարցումներ անցկացնող կազմակերպությունները այնպիսի կանխատեսումներ էին անում, որոնք հեռու էին իրականությունից։ Կրկին պարզ դարձավ, որ մեր ժողովրդի նախասիրություններն իմանալու նպատակով 3-5 հազար մարդու զանգահարելը կոռեկտ չէ», – նշել է Քալընը։
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հարցումների գլխավոր սխալն այն է, որ իշխող ուժի հետ դաշինքում գտնվող Ազգայնական շարժման կուսակցության ձայներն կանխատեսվել էր ավելի քիչ, քան նրանք ստացել են ընտրությունների արդյունքում։
Հիշեցնենք` Թուրքիայում մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած Ժողովրդական դաշինքը ստացել է 49,46 տոկոս ձայն, որը ենթադրում է, որ նրանք մեջլիսում կունենան 322 մանդատ։ Նրա հիմնական ընդդիմադիր Ազգային դաշինքը ստացել է 35,02 տոկոս ձայն և կունենա 213 պատգամավորական մանդատ։
Նախագահական ընտրությունների արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավել ձայն. Էրդողանը ստացել է 49,5 տոկոս, իսկ նրա հիմնական ընդդիմադիր, հանրապետական Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,8 տոկոս։ Սա ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհաղթի ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։