ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին և վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
«Վրացական իշխանության որոշումը մտահոգություն է առաջացնում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին` ԵՄ-ի վարած արտաքին քաղաքականության ոլորտում որոշումների պահպանման առումով, ինչպես դա նախատեսված է Ասոցացման մասին համաձայնագրում», - ասել է նա։
Վրաստանը հետևել է արտաքին քաղաքականության ու անվտանգության վերաբերյալ ԵՄ որոշումների մոտ 40%-ին, ինչը, Ստանոյի գնահատմամբ, առանց այդ էլ քիչ է։ Այս տարի այդ ցուցանիշը 31 տոկոս է կազմել։
«Մենք ցավում ենք դրա համար», - ավելացրել է նա:
Բորելի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` այս շաբաթ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցը՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, կապ է հաստատել վրացական իշխանության հետ՝ քննարկելու ռուսական ավիացիոն հատվածի և ռուսական ինքնաթիռների անվտանգության թեման:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղյալ էր հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև հանել էր ռուսական ավիաընկերությունների համար այդ երկիր ուղիղ չվերթերի արգելքը:
Միևնույն ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները նախապատրաստվում են դեպի Վրաստան թռիչքների վերսկսմանը, նախատեսվում է ռուսական ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ: