ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչությունը պահեստամասերը ձեռք է բերել ուռճացված գներով

ՀՀ գլխավոր դատախազություն
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են քննչական կոմիտե, հարուցվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կարիքների համար ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերը ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր գնով, որի հետևանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Մասնավորապես, զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական 45 տեխնիկաների պահեստամասերը ԶՈւ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։
Պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։
Շուրջ 700 ինժեներական-ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերից առանձնացվել է 45-ը, որոնց գնային արժեքն էականորեն բարձր է եղել շուկայում նույն ապրանքատեսակների համար առաջարկվող գներից։
«45 պահեստամասերից 18-ը գնվել են 8 մլն 981 հազար 896 դրամով թանկ, իսկ 27 անվանում պահեստամասերը գնվել են 73 մլն 949 հազար 800 դրամով թանկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են քննչական կոմիտե։ 2023 թվականի ապրիլի 20-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս):