ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Վրաստանի իշխանությունները հինգ ավիաընկերությունների հայտեր են դիտարկում Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ ավիաընկերությունների հինգ հայտ ենք քննարկում, այդ թվում մեկը` վրացական ավիաընկերությունից»,-հայտարարել է Դավիթաշվիլին` հավելելով, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությանը մայիսի 17-ից թռիչքներ իրականացնելու թույլտվությունն արդեն տրվել է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղյալ էր հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև հանել էր ռուսական ավիաընկերությունների համար այդ երկիր ուղիղ չվերթերի արգելքը:
Միևնույն ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները նախապատրաստվում են դեպի Վրաստան թռիչքների վերսկսմանը, նախատեսվում է ռուսական ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ: