ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Մայիսի 14-ի գիշերը Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում վեճը վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
Ոստիկանությունը ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Րոպեներ անց ոստիկանությունը հաջորդ ահազանգն է ստացել` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 26-ամյա մի բնակիչ:
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ մայիսի 14-ի գիշերը Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա և Արթիկ քաղաքի 22-ամյա երկու բնակիչները Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում ծեծի են ենթարկել 34–ամյա երկու երիտասարդների։ Ծեծկռտուքի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է Ակունք գյուղի 26-ամյա բնակչին։
Իրավապահները Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա երկու երիտասարդներին։
Նրանցից մեկը Գյումրու բնակիչ է, մյուսը՝ Ալավերդու: Ալավերդցու մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: