ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի վերընտրվելու դեպքում այդ երկիրը կարող է արմատապես ցնցվել. դա վատ սցենար է, բայց ԱՄՆ-ի համար առավել ընդունելի երկու տարբերակներից մեկը: Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներին նվիրված քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց թուրքագետ, արևելագետ-միջազգայնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք Թուրքիային ցնցումներ սպասում են, եթե նախագահի թեկնածուներից մեկը չճանաչի ընտրությունների արդյունքները։
Նա նշեց, որ Էրդողանը, չնայած բոլոր դժվարություններին, պահպանում է առաջատարի դիրքը։ Իսկ ընդդիմության համար այս ընտրությունները Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունը 180°-ով փոխելու հնարավորություն են։
«Թուրքական ընդդիմությունը աջակցություն է ստանում միջազգային կառույցների մեծ մասի կողմից, որոնք «ճոճել» ու շարունակելու են «ճոճել» Թուրքիայում տիրող իրավիճակը։ Սպասում ենք Թուրքիան ներսից «հրկիզելու» փորձերին», - ասաց թուրքագետը։
Նա վստահ է, որ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը Արևմուտքի հետ ԵՄ ձևաչափով հարաբերությունների կողմնակից է, սակայն նախընտրում է, որ ոչ թե Անկարան ընդգրկվիԵվրամիության կազմում, այլ հակառակը՝ ԵՄ-ն դառնա Թուրքիայի կցորդը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի ընտրությունների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին, ապա փորձագետը նշեց, որ Մոսկվայի համար կարևոր է պահպանել համագործակցության բարձր մակարդակը թուրք գործընկերների հետ։ Նա կարևորեց այս պահին իրականացվող մեծ թվով համատեղ նախագծերը:
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտահետազոտական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Բակլանովն էլ կլոր սեղանի ընթացքում ընդգծեց, որ Ռուսաստանի համար գլխավոր հարցը, որը կապված է Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների հետ, Բոսֆորով ռազմանավերի անցման (կամ անցման արգելքի) կանոնակարգումն է: Ըստ նրա` այս հարցում թուրքական կողմի ներկայիս մոտեցման ցանկացած փոփոխություն զգայուն կլինի Մոսկվայի համար։
Էներգետիկ և տնտեսական նախագծերի մեծ մասը, պրոֆեսորի կարծիքով, ընտրությունների ցանկացած ելքի դեպքում «իներցիայով» կշարունակվի, սակայն երկկողմ գործարքների խզման դեպքում ամենից շատ կարող է տուժել ռուսական կողմը, քանի որ պայմանագրերը կազմելիս հաշվի չի առնվել փորձագետների կարծիքը, որոնք զգուշացրել են, որ բավարար չափով հաշվի չեն առնվում Մոսկվայի շահերը, և թուրքական կողմը արդյունքում ավելի շահեկան վիճակում է հայտնվել:
Խոսելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին՝ Բալկանովը նշեց, որ այս ընտրություններից հետո այդ երկրում լիակատար կայունացում չի լինի։ Յուրաքանչյուր կողմ՝ և՛ հաղթող, և՛ պարտվող, շատ անելիք ունի։
Թուրքիայի նախագահական ընտրություններում բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49,24 տոկոսը, նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06 տոկոսը: Մայիսի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։