Ռուսական ՀՕՊ-ը Storm Shadow թևավոր հրթիռ է խոցել. ՌԴ ՊՆ

Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ն անցած օրվա ընթացքում 21 ուկրաինական դրոն է խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը անցած օրվա ընթացքում Storm Shadow թևավոր հրթիռը, 7 HARM հակահրթիռային հրթիռ, 10 HIMARS արկ և 21 անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Storm Shadow հրթիռի խոցման մասին ռուսական ռազմական գերատեսչությունն առաջին անգամ է հաղորդում։
Storm Shadow-ն քիչ նկատելի թևավոր օդային հրթիռ է։ Գործարկվում է ինքնաթիռներից: Սա ֆրանսիական Matra-ի և անգլիական British Aerospace-ի համատեղ մշակումն է։ Այժմ զենքն արտադրում է MBDA-ն: Գինը մոտ երկու միլիոն ֆունտ ստեռլինգ է մեկ միավորի սպառազինության համար: Արտահանման տարբերակների հեռահարությունը, ինչպես պնդում է ամերիկյան The Drive պարբերականը, 250 կիլոմետր է, սակայն մինչև 560 կիլոմետր մոդիֆիկացիաներ կան։
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի շտուրմանների ուսումնարանին
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Ուկրաինային է փոխանցել Storm Shadow թևավոր հրթիռները: Միևնույն ժամանակ, CNN-ի տվյալներով, Լոնդոնը Կիևից հավաստիացումներ է ստացել, որ դրանք կօգտագործվեն միայն այն տարածքներում, որոնք Ուկրաինան համարում է իրենը, բայց ոչ «մայրցամաքային» Ռուսաստանի դեմ: