ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: