Մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներ չեն լինի

Կանգառում. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ նոր երթուղի է գործելու հունիսի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանում նոր ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների շրջանակում N3 և N12 գազելային երթուղիները կփոխարինվեն 1 ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող գծեր են։ Տեղեկությունը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կունենա 4 տոմսային կրիչ
«Գործող երթուղային ցանցում թվով 363 շարժակազմ «գազելները» կփոխարինվեն 143 ավտոբուսով, ինչի շնորհիվ երթևեկությունը համեմատաբար կթեթևանա։ Առաջին փոփոխությունները Երևանում կսկսեն երևալ հունիսի 1-ից, մասնավորապես, N3 և N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները փոխարինվելու են 1 ավտոբուսային երթուղիով։ N13 երթուղին նույնպես փոխարինվելու է։ Նշված երթուղիների ավտոբուսները լինելու են ZhongTong մակնիշի։ Փոփոխությունները տեսանելի կլինեն յուրաքանչյուր 15 օրը մեկ պարբերականությամբ»,– նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով` այս աշխատանքների ավարտը լինելու է օգոստոսի 15-ին, ժամանակացույցն էլ հստակ գծված է։
Հունիսի 1-ի դրությամբ լինելու են նաև այլ փոփոխություններ` N5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի MAN տիպի ավտոբուսներով։
Միաժամանակ նոր երթուղի կներդրվի դեպի «Զվարթնոց» օդանավակայան (MAN տիպի ավտոբուսներ են լինելու), որի երթուղին լինելու է այսպիսին` «Զվարթնոց»–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ։ Այն աշխատելու է 45 րոպե պարբերականությամբ։
Նշենք, որ Երևանում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային 24 երթուղի կա։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինայնն էլ վստահեցրեց` նշված փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող գծերը փոխարինված կլինեն նոր ներկրված ավտոբուսներով։