ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Այս անգամ, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանության» մասին չի հնչել ընդհանրապես, ինչը նշանակում է, որ մեր գործընկերները չեն օգտագործում այդ եզրույթը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը`անդրադառնալով Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպմանը։
«Դա արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները»,– նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ժամկետներում պետք է իրագործվի ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը` Հովհաննիսյանը նշեց` այստեղ կարմիր գծեր կան, մասնավորապես, երկաթուղին պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության տակ։
«Այդ հարցի առնչությամբ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացած Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքների մասին հարցեր։