Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 234 տոննայից ավել մարդասիրական օգնություն. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել234,3 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - նշված է հաղորդագրության մեջ:
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2534,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26792 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: