ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը զանգել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` իր պաշտպանյալին կալանքից ազատ չարձակելու առնչությամբ։
Նշենք, որ Պողոսյանը, որին դատական նիստերի դահլիճից դուրս են հանել և հեռացրել վարույթից, քանի որ դահլիճում հայտարարել է, որ ժամը 16։45-ին արդեն լրացել է Խաչատուրովին կալանքի տակ պահելու ժամկետը, սակայն որևէ գործողություն չի արվում նրան ազատ արձակելու ուղղությամբ։
«Պաշտպանյալս այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է, կալանքի ժամկետը լրացել է 16։45-ին։ Դատական նիստը հիմա շարունակվում է, դատարանն էլ շարունակում է նրան անազատության մեջ պահել` նշելով, որ ազատ արձակելու հիմքեր չկան։ Կալանքի ժամկետը լրացել է, ինքը ՔԿՀ–ի կալանավոր է, ի՞նչ հիմքով են ոստիկանները նրան ուղեկցում»,– ՄԻՊ աշխատակցին հայտնեց փաստաբանը։
Նա վստահեցրեց` Խաչատուրովն անօրինական կերպով արդեն 1 ժամ է` անազատության մեջ է, և այստեղ հարցը ոչ թե դատական պրոցեսին միջամտելուն է վերաբերում, այլ այն բանին, որ անձն առանց դատարանի որոշման այս պահին անազատության մեջ է։
Պողոսյանը նշեց, որ պետք է սպասեն, որպեսզի հասկանան, թե ինչ արձագանք կլինի ՄԻՊ աշխատակազմից: Խոստացել են ուսումնասիրել ամեն ինչ և իրեն պատասխան տալ։
Քանի որ փաստաբանը ներկայում հեռացվել է վարույթից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է անելու, ինչին ի պատասխան նա ընդգծեց` համապատասխան լիազորությունները հաստատող փաստաթղթերով ներկայանալու է հաջորդ նիստին և ներգրավվելու է դատական նիստին։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։