ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը Թեհրանում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում Իրանին Եվմենովին առաջարկել է համատեղ կոմիտե ստեղծել: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը ։
«Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի շտաբում հանդիպում է ունեցել Շահրամ Իրանի հետ... Հանդիպման ընթացքում Իրանին, ընդգծելով համատեղ կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը, խոսել է տարբեր ոլորտներում, մասնավորապես կրթության, տեխնոլոգիաների և այլ հարցերում ավելի մեծ փոխգործակցության անհրաժեշտության մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ Եվմենովը ողջունել Է Իրանի առաջարկը և հնարավորինս սեղմ ժամկետներում այդ հարցի շուրջ երկկողմ համաձայնության հասնելու պատրաստակամություն հայտնել:
Նա Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին։